Ապատեղեկատվությունը բաժանում է Հայաստանը
Ապատեղեկատվությունը նոր երևույթ չէ Հայաստանում, սակայն այն միշտ այսքան տարածված և մշտապես առկա չի եղել։ Մասնավորապես 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեծ արագությամբ սկսեց տարածվել ապատեղեկատվություն, իսկ Քովիդ-19-ը և Լեռնային Ղարաբաղի 2020թ․ պատերազմն առավել ակնհայտ կերպով բացահայտեցին Հայաստանի խոցելիությունը տեղեկատվության խեղաթյուրման նկատմամբ։
Տարածվում են ապատեղեկատվական հրապարակումներ Քովիդ-19-ի, Եվրոպական միության և ընդհանուր առմամբ՝ Արևմուտքի, ինչպես նաև արժեքների, սոցիալական և մշակութային խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իշխանության և միջազգային գործընկերների միջև անվստահությունը մեծացնելու նպատակով։
Ապատեղեկատվություն՝ արտաքին և ներքին
Զգալիորեն աճել է կրեմլամետ լրատվամիջոցների դերը ապատեղեկատվություն տարածելու գործում, մասնավորապես Ռուսաստանի պետական հսկողության տակ գտնվող հեռուստաալիքներում (և առցանց լրատվամիջոցներում), որոնք գործում են Հայաստանում։ Տեղական հեռարձակման լրատվամիջոցները, լրատվական գործակալությունները և լրատվության առցանց աղբյուրները, որոնք պարբերաբար վերահրատարակում են ՌԻԱ Նովոստիի, RT-ի և այլ աղբյուրներից ստացված նյութեր, նույնպես կարևոր դեր են խաղում ապատեղեկատվության արագ տարածման գործում:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ միջազգային իրադարձություններ լուսաբանելիս հայկական տեղական լրատվամիջոցները նախընտրում են վերահրապարակել ռուսական լրատվական աղբյուրներից ստացված նյութերը։ Դրանց հավաստիությունը հազվադեպ է ստուգվում։ Սակայն փաստերի ստուգման տեղական հարթակները նույնպես ջանադրաբար աշխատում են՝ ապատեղեկատվության տարածումը կանխելու և հերքելու համար (տե՛ս նաև այստեղ)։
ԵՄ՝ ոչ ժողովրդավարական, միջամտող, ռուսաֆոբ և կործանարար Հայաստանի ավանդական արժեքների համար
Հայաստանին թիրախավորող ապատեղեկատվական արշավները նույնքան հին են և քաջածանոթ, որքան որ չհիմնավորված․ ԵՄ-ն ոչ ժողովրդավարական է, ռուսաֆոբ, բաժանված և կախյալ ԱՄՆ-ից։ Արևելյան գործընկերությունն սպառել է իրեն, այլևս առաջարկելու նոր բան չունի, և վերջինիս գաղութատիրական նպատակն է՝ առևանգել անդամ պետություններին Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Բացի այդ, Հայաստանը (ինչպես նաև Ադրբեջանն ու Բելառուսը) ԵՄ-ի կողմից միշտ ընկալվել է որպես գործընկերությանստորադաս անդամ։
Թեև հայ հասարակությունը, ընդհանուր առմամբ, բարյացակամ է տրամադրված Եվրոպայի և ԵՄ-ի նկատմամբ (շնորհիվ տարբեր երկրներում բնակվող հայկական մեծ համայնքների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի), սակայն ԵՄ-ին և Արևմուտքին ուղղված ապատեղեկատվական հայտարարությունները լայն տարածում գտան 2020թ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում։
Հայաստանում ԵՄ-ին ուղղված հիմնական քննադատությունը կենտրոնացած է, այսպես կոչված, «արևմտյան արժեքների» նկատմամբ թշնամանքի վրա։
«ԵՄ-ի մասին նմանատիպ հայտարարությունները հիմնականում տարածվում են աջակողմյան քաղաքական ուժերին աջակցող լրատվամիջոցներում։ Դրանք թիրախավորում են ԵՄ-ին գլխավորապես արժեքների տեսանկյունից։ Չպետք է մոռանանք այն փաստի մասին, որ Ռուսաստանը հզոր լծակներ և ազդեցության միջոցներ ունի՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած հակաեվրոպական քարոզչություն տարածելու համար»։
Գեղամ Վարդանյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հայտարարվում է, որ Արևմուտքը փչացած է ու այլասերված և այդ անբարոյականությունը «ներմուծում է» Հայաստան։ Ըստ ապատեղեկատվական լրատվամիջոցների՝ Հայաստանը ԼԳԲՏ խմբավորումների վերահսկողության տակ է հայտնվել 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո՝ հիմնականում Սորոսի և արևմտյան ՀԿ-ների գործունեության արդյունքում։ Ստամբուլի և Լանզարոտեի կոնվենցիաների վերաբերյալ կեղծ հայտարարությունները, որոնց նպատակն է կանխել կանանց դեմ բռությունը և պաշտպանել երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից, մեծ տարածում են գտել վերջին տարիներին։ Նման հայտարարությունները պնդում են, որ այդ կոնվենցիաները հակասում են հայկական արժեքներին, վտանգ են ներկայացնում երեխաների համար, սպառնալիք են ընտանիքների ամրության ևեկեղեցուհամար։
Քաղաքացիական հասարակությունը՝ ապատեղեկատվության հիմնական թիրախ
Երկար տարիների ընթացքում քաղաքացիական հասարակությունը կրեմլամետ ապատեղեկատվական լրատվամիջոցների և նրանց միջնորդների հիմնական թիրախն է եղել։ ՄասնավորապեսՍորոսի հիմնադրամը պարբերաբար մեղադրվում է օտար օրակարգեր սպասարկելու և Հայաստանը կործանելումեջ։
«Քաղաքացիական հասարակությունը ենթարկվել է հարձակումների։ Մեզ անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարծես թե, երբեմն մեզ մոտեցնում են ռուսական կամ բելառուսական մոդելին, որտեղ ՔՀԿ-ները [Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ] պիտակավորվում են որպես օտարերկրյա գործակալներ»:
Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի նախագահ
Այլ կեղծ և տարածված մեղադրանքներ են այն պնդումները, որ 2018թ․ իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» էին, որը կազմակերպել էր Արևմուտքը՝ նպատակ ունենալով հեռացնել Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանից և դուրս մղել Ռուսաստանին Կովկասից։ «Իրավունք» ապատեղեկատվական լրատվամիջոցը, որը լայնորեն լուսաբանված է EUvsDisinfo-ի տվյալների բազայում, հետևողականորեն առաջ է մղել այն տեսակետը, որ «գունավոր հեղափոխությունը» Հայաստանում կազմակերպվել է MI6-ի և CIA-ի կողմից՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով։
Ապատեղեկատվություն. մշտական մարտահրավեր ժողովրդավարությանը
Լայնատարած ապատեղեկատվությունը շարունակում է մշտական մարտահրավեր հանդիսանալ ժողովրդավարությանը։ Այժմ գոյություն ունեն կեղծ տեղեկություններ տարածելու ավելի շատ հարթակներ և հնարավորություններ, քան նախկինում երբևէ։ Ուստի, առավել քան կարևոր է ապահովել, որ քաղաքացիներն ստանան ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն։